Բրիտանական գրական մրցանակը շնորհվել է սիրիացի ընդդիմադիր գրողին

11:22 • 10.10.12

 Բրիտանիայի գրական հեղինակավոր PEN Pinter մրցանակն այս տարի շնորհվել է բրիտանացի գրող Քերոլ Էնն Դաֆիին և սիրիացի ընդդիմադիր կին գրող 42-ամյա Սամար Յազբեքին։

Չնայած ալաուի լինելուն՝ Յազբեքը դեմ է դուրս եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին և իր օրագիր-վիպակով պատմել է Սիրիայում հակակառավարական ակցիաների առաջին ամիսների մասին։

 

Սիրիայում կանանց իրավունքների խնդիրների մասին ստեղծագործություններով ճանաչում ստացած Յազբեքը հենց իրադարձությունների սկզբում ինտերնետում աջակցությունն էր հայտնել ընդդիմադիրներին, դրա պատճառով բազմաթիվ սպառնալիքներ էր ստացել և մերժվել էր անգամ ընտանիքի կողմից։


Ճնշումներին չդիմանալով՝ անցյալ տարի ստիպված էր եղել փախչել Փարիզ, որտեղ էլ գրել է սիրիական բանակին քննադատող իր գիրքը։
 

Համաձայն բրիտանական մրցանակի կանոնադրության՝ ժյուրին նախ ընտրում է բրիտանացի նոմինանտին, վերջինս էլ որոշում է, թե խոսքի ազատությունը ճնշող երկրներից որի՞ ներկայացուցչի հետ է ցանկանում կիսել մրցանակը։