ՏԻՄ ընտրությունները վատ օրինակ են նախագահականի համար. Արթուր Սաքունց

13:12 • 11.10.12

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց կազմակերպության կողմից 2012 թ. սեպտեմբերի 9-ին Վանաձորում իրականացված ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը՝ նշելով, որ ՏԻՄ ընտրությունները վատ օրինակ են ծառայում 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների համար:


«Սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչպես չպետք է անցկացվեն ընտրությունները: Բոլոր այն խախտումները, որոնք բնորոշ են հանրապետությունում իրականացվածներին՝ եղան»,– ասաց նա:


«Առաջինը թանաքի հարցն էր: Խորհրդարանականի ժամանակ այդ հարցը բարձրացվեց, բայց մոտ 4-5 ամիս հետո ԿԸՀ-ն դարձյալ չկարողացավ տեխնիկական այդ խնդրին լուծում տալ»,- ասաց Արթուր Սաքունցը:


Իրավապաշտպանը նշեց, որ ընտրական տեղամասերում՝ հատկապես մերձակա տարածքներում՝ կուտակումներ էին: Ըստ նրա, դրանք հետաքրքիր էին այնքանով, որ ընտրախախտումների հիմնական միջոց են։


«Ընտրողների ազատ կամքի վրա էին փորձում ազդել: Ընտրատեղամասից դուրս գալուց հետո ընտրողը հաշվետվություն էր ներկայացնում և, ըստ երևույթին, ստանում փոխհատուցում»,– ասաց նա:


«Տրանսպորտային բոլոր միջոցներն այդ օրը իրենց ուղղությունը փոխում են դեպի ընտրատեղամասեր, քանի որ բոլոր գծերը պատկանում են իշխանության այս կամ այն ներկայացուցչին»,- ընդգծեց իրավապաշտպանը:


Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ բոլոր ընտրություններից հետո իրենց արձանագրած խախտումներն ուղարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն այդտեղից պատշաճ պատասխան չեն ստանում:


«Չի զգացվում, որ ԿԸՀ-ն ընդհանրապես ցանկություն կամ ձգտում ունի որևէ բան փոխել, իրավիճակը շտկել: Այս ամենը վկայում է, որ ընտրակեղծիքները մեր երկրում դեռևս չեն համարվում հանցանք կամ զանցանք»,- ասաց նա:


Հենվելով ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա՝ Արթուր Սաքունցը եզրակացնում է. եթե երկրում այս վիճակը շարունակվի, ապա նախագահական ընտրությունները սպառնալիքի տակ կհայտնվեն:


«Ընտրություններին դեռ մի քանի ամիս կա, բայց մենք որևէ հիմք չունենք մտածելու, որ ՀՀ իշխանությունը, ԿԸՀ-ն, ոստիկանությունը ձգտում ու ցանկություն ունեն ապահովելու ազատ ու արդար ընտրություններ: Մեր ահազանգերի նկատմամբ նման ոչ պատշաճ վերաբերմունքը նշանակում է խրախուսել հետագա խախտումները հօգուտ կամ ի վնաս ինչ-որ մեկի»,- ասաց նա: