Սիրիան խնդիրներ ունի ոչ թե թուրք ժողովրդի, այլ նրա կառավարության հետ. Ասադի հարցազրույցն «Այդընլըք»-ին
Սիրիան որևէ խնդիր չունի Թուրքիայի ժողովրդի հետ, խնդիրը կառավարության հետ է։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը թուրքական «Այդընլըք» թերթին տված հարցազրույցում։
Այսօր լույս տեսած հարցազրույցի ամբողջական տարբերակը դեռևս հասանելի չէ համացանցում։
«Մենք որևէ խնդիր չունենք թուրք ժողովրդի և զինվորականության հետ։ Սիրիան թշնամական կեցվածք չունի Թուրքիայի հանդեպ և միշտ եղբայրաբար է մոտեցել։ Մենք ունենք խնդիրներ թուրքական կառավարության հետ՝ այն կեցվածքի պատճառով, որի պատճառով էլ խնդիրներ ենք ունենում սահմանին»,-ասել է նախագահը։
Թուրք- սիրիական հարաբերությունները կտրուկ սրվեցին հոկտեմբերի 3-ին սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ թուրքական Աքչաքալե բնակավայրում Սիրիայից արձակված արկ էր պայթել, ինչի հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 11 մարդ։
Մեկնաբանելով թուրքական խորհրդարանի ընդունած որոշումը՝ սահմանից դուրս գործողություններ իրականացնելու վերաբերյալ, Ասադը պատասխանել է. «Մենք Թուրքիայի դեմ պատերազմ հայտարարելու ոչ մի պատճառ չունենք։ Դեռ հակամարտության ամենասկզբից (հակամարտությունը կառավարության և զինյալ ընդդիմության միջև), մենք ասում էինք, որ սադրանքները բացառված չեն։ Այժմ իրականանում է այն, ինչի մասին մենք զգուշացրել էինք»։
Ասադն ավելացրել է, որ այս ժամանակահատվածում ստեղծված սխալները պետք է ուղղվեն բանակցությունների միջոցով։
Նա նշել է, որ սիրիական կողմը պատասխանատվություն չի կրում Անկարայի հետ երկխոսության բացակայության համար։
«Երկու երկների միջև երկխոսության բացակայությունը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա»,-ընդգծել է Ասադը։
Նա նաև տեղեկացրել է, որ Աքչաքալեի միջադեպի հետաքննությունը շարունակվում է։
«Արդյոք դա ընդդիմության մեղքո՞վ է տեղի ունեցել, թե՞ արկը, որն արձակել է սիրիական բանակը, սխալմամբ ոչ ճիշտ թիրախի է կպել, կպարզվի համատեղ փորձաքննության արդյունքում։ Դրա համար անհրաժեշտ է, որ մեր կառավարությունները համագործակցեն։ Մենք առաջարկում ենք համատեղ հետաքննել Աքչաքալեի միջադեպը»,-ասել է Սիրիայի նախագահը։










