Volkswagen կոնցեռնը կարող է հետաձգել Bentley և Lamborghini ապրանքանիշերով արտաճանապարհայինների թողարկումը
Եվրոպական խոշորագույն ավտոկոնցեռնը` Volkswagen AG-ն կարող է հետաձգել պրեմիում դասի Bentley և Lamborghini ապրանքանիշերով արտաճանապարհային մեքենաների արտադրությունը, շարունակվող պարտքային ճգնաժամի պայմաններում միջոցների տնտեսման համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կարատելով «Ռոյթերզին»:
Գործակալության տվյալներով, կոնցեռնի տնօրենների խորհուրդը, նոյեմբերի 23-ին նախատեսվող նստաշրջանի ընթացքում, պաշտոնապես կհաստատի շքեղ արտաճանապարհայինների արտադրության ժամկետների հետաձգումը:
«Նման քայլը որևէ վնաս չի հասցնի, հակառակը, այն կօգնի կրճատել ծախսերը», - կարծում է Equinet AG-ի վերլուծաբան Թիմ Շուլդտը:
Volkswagen AG-ն, 2012թ. ընթացքում մտադիր էր արտադրել 9,7 մլն մեքենա, սակայն վերանայել է արտադրական պլանները նվազման միտումով` մինչև 9,4 մլն ավտոմեքենա:
Միևնույն ժամանակ, նույնիսկ այդ թիվը զգալիորեն ավել է 2011թ. ցուցանիշից, երբ կոնցեռնը արտադրեց 8,5 մլն մեքենա:
2012թ. անցած երեք եռամսյակների ընթացքում Volkswagen կոնցեռնի վաճառքները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, բարձրացել են 10,6%-ով և կազմել ռեկորդային 4,21 մլն ավտոմեքենա:










