Google-ի որոնումը Ռոմնիին «ամբողջովին սխալ» է համարում

20:55 • 11.10.12

Google-ի որոնումը completely wrong (ամբողջովին սխալ) հարցման արդյունքում ցույց է տալիս ԱՄՆ հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի լուսանկարները, հաղորդում է «Կորեսպոնդենտ» պարբերականը:

 

Նշվում է, որ որոնման արդյունքների վերին դիրքերում բերվում են Ռոմնիի լուսանկարները և հղումները, իսկ լուսանկարների մեջ որոնման արդյունքում հիմնականում բերվում են քաղաքական գործչի լուսանկարները:

 

Ամերիկյան The Inqusitr պարբերականը հաղորդում է, որ Google-ը Ռոմնիի անունը կապել է նրա իսկ արտահայտության հետ, որը հոկտեմբերի 4-ին հրապարակվել էր Washington Post-ում:

 

Այդ ժամանակ Ռոմնին հայտարարել էր, որ նրա քննադատական բառերը` ուղղված Բարաք Օբամայի կողմնակիցներին, որոնք նա ասել էր սեպտեմբերին և որոնք հրապարակայնացվել էին գաղտնի ձայնագրության արդյունքում, «ամբողջովին սխալ» էին: Այդ օրերին «completely wrong» մեջբերումը մի շարք ԶԼՄ-ների գլխագրերում հայտնվեց:


Հիշեցնենք, որ Ռոմնին գործող նախագահի օգտին քվեարկել ցանկացող ամերիկացիների 47%-ին ձրիակեր էր անվանել: