Ֆլորիդայի նահանգապետը «թեժ գծի» փոխարեն «սեքս ծառայության» հեռախոսահամար է տվել բնակիչներին
ԱՄՆ Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը, ելույթ ունենալով ԱՄՆ-ում գրանցված մենինգիտի բացառիկ տեսակի դեպքերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, «թեժ գծի» հեռախոսահամարի փոխարեն սխալմամբ նշել է ինտիմ ծառայություններ մատուցող ընկերության համարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Fox News հեռուստաընկերությանը։
Կարդալով «թեժ գծի» հեռախոսահամարը, ուր բնակիչները կարող են դիմել մենինգիտի համաճարակի հետ կապված հարցերով, նահանգապետը շփոթել էր մեկ թիվ։ Սխալ հեռախոսահամարը հրապարակվել էր տեղական ռադիոընկերության կայքում։ «Թեժ գծի» խորհրդատվությունից օգտվել ցանկացող քաղաքացիներին անակնկալ էր սպասվում։
«Բարև ձեզ, տղաներ։ Շնորհակալություն, որ զանգահարել եք ինձ իմ կարիերայի առաջին տարեդարձի օրը»,- այսպես էր զանգահարողներին ողջունում կանացի հաճելի ձայնը։
Նահանգապետը, ում զեկուցել են սխալի մասին, արագ շտկել է սխալը՝ ճշտելով հեռախոսահամարը։










