Աշխարհում առաջին անգամ նշվում է Աղջիկների միջազգային օրը

13:24 • 11.10.12

Աշխարհում առաջին անգամ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված Աղջիկների միջազգային օրը, որի նպատակն է ուշադրություն դարձնել խտրականության հարցին։ 

 

Այս տարվա թեման է վաղ ամուսնությունների խնդիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Ըստ ՄԱԿ-ի տվյալների, որոնք նշված են կազմակերպության պաշտոնական կայքում, 20-24 տարեկան յուրաքանչյուր երրորդ կին ամուսնացել է մինչև 18 տարեկանը։ Նրանց մեկ երրորդն ամուսնացել է մինչև 15 տարին լրանալը։ Նման պրակտիկան հանգեցնում է վաղ հղիությունների, ինչն առողջական լուրջ խնդիրներ է ստեղծում։

 

Զարգացող երկրներում բարդ հղիությունները համարվում են 15-19 տարեկան աղջիկների մահացության գլխավոր պատճառը։ Վաղ ամուսնություններից խուսափելու ճանապարհներից մեկը կրթության հնարավորությունն է։


Plan International-ում տպագրված հաշվետվության համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր երրորդ աղջիկը զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից, այսինքն՝ 75 միլիոն աղջիկ, որոնցից 39 միլիոնը 11-15 տարեկան են։