Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամ հիջաբ կրող կինը դարձել է քաղաքապետ

10:49 • 11.10.12

Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետի պաշտոնում է ընտրվել մուսուլմանական հագուստով կին, ինչն աննախադեպ երևույթ է Հին աշխարհամասի համար, գրում է Euromag-ը։

 

Բոսնիա և Հերցեգովինայի Վիսոկո քաղաքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է երկրի մուսուլմանական հիմնական կուսակցություններից մեկի՝«Ժողովրդավարական շարժման» անդամ, 43-ամյա Ամրա Բաբիչը։

 

Ինչպես հայտնում է իտալական Ansa գործակալությունը, Բաբիչը մասնագիտությամբ տնտեսագետ է և երկար տարիներ գլխավորել է մի հասարակական կազմակերպություն, որն օգնություն է ցուցաբերել Բոսնիայում պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին։ Գործակալությունը նշում է, որ Բաբիչն այդ ռազմական գործողությունների ընթացքում կորցրել է իր ամուսնուն։

 

Մուսուլմանները կազմում են Բոսնիա և Հերցեգովինայի բնակչության 40%-ը, իսկ մնացյալն ուղղափառ սերբերն ու կաթոլիկ խորվաթներ են։