Սիրիայի իշխանությունը մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ կրակի միակողմանի դադարեցման մասին առաջարկը

09:16 • 11.10.12

Սիրիայի իշխանությունները մերժել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կոչը՝ կրակի միակողմանի դադարեցման մասին, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։
 

Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մաքդիսին հիշեցրել է, որ սիրիական կառավարությունն արդեն երկու անգամ նման քայլի գնացել է. առաջինը, երբ երկրում գտնվում էին Արաբական երկրների լիգայի դիտորդները, իսկ երկրորդը՝ ապրիլի 12-ին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց հրադադարի մասին որոշումը։


Դիվանագետի խոսքով, սակայն, երկու անգամն էլ  առիթից օգտվեցին ընդդիմադիր զինյալներն ու ընդլայնվեցին։


«Մենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ ենք արել իրենց պատվիրակներին ուղարկել Սաուդիան Արաբիա, Կատար և Թուրքիա՝ այն երկրներ, որոնք աջակցում են զինյալ ընդդիմությանը և երաշխիքներ ստանալ, որ զինյալները կդադարեցնեն բռնությունը»,-ասել է Մաքդիսին։


Նա հասկացրել է, որ նման երաշխիքներ ստանալու դեպքում սիրիական իշխանությունները «պատրաստ կլինեն անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել»։


ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին այսօր սկսել է հերթական տարածաշրջանային այցը և  մեկնել է Սաուդիան Արաբիա։ Ալժիրցի դիվանագետը կլինի նաև Թուրքիայում  և Եգիպտոսում։ Նա մտադիր է նաև  այցելել Դամասկոս և փորձել համոզել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին միակողմանի դադարեցնել արյունահեղությունը։