«Վրացական երազանքը» Կանդելակիին կառավարություն չի կանչում. BBC

21:46 • 11.10.12

Վրաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները հերքել են որոշ ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունները, թե կոալիցիան հեռուստահաղորդավար Թինա Կանդելակիին առաջարկել է Վրաստանի նոր կառավարությունում զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը, նշելով, որ Կանդելակի թեկնածությունը նույնիսկ չի քննարկվել, հաղորդում է BBC-ն:


«Անլուրջ հարց է, Կանդելակի թեկնածությունը երբևէ չի հիշատակվել: Բոլոր լրագրողներին կոչ եմ անում չառաջնորդվել սոցցանցերից ստացված տեղեկություններով», - հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի թեկնածու, «Վրացական երազանք» կոալիցիայի մամլո քարտուղար Մայա Պանջիկիձեն:


Կանդելակիի մամուլի ծառայությունը, սակայն, ոչ հերքում, ոչ հաստատում է այս տեղեկությունները։


Միևնույն ժամանակ Twitter-ի իր միկրոբլոգում Կանդելակին գրել էր Վրաստան կատարելիք այցի մասին. «Երբ ասեցի, որ գնում եմ Վրաստան, սկսեցի այնտեղից նվերներ ստանալ» և ևս մեկ գրառումով ցանկություն է հայտնել «Վրաստանի համար որևէ լավ գործ անել», ինչը և մեկնաբանվել է այսքան ազատորեն և Վրաստանի կառավարությունում պաշտոն զբաղեցնելու հետ կապվել: