Պոլսո պատրիարքարանն այլևս չի օրհնի խառնամուսնությունները. համայնքը ձուլման վտանգի տակ է
Պոլսո հայոց պատրիարքարանն այսուհետ չի օրհնի խառնամուսնությունները։ Այսինքն, հայը և այլազգին կամ այլադավանը չեն կարողանա ամուսնանալ հայկական եկեղեցում, տեղեկացնում է Hurriyet daily news-ը։
Նման ամուսնությունները եկեղեցում իրականացնելու արտոնություն 2 000թ.-ին տվել էր Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը։ Ավելի վաղ պատրիարքարանն ունեցել է խառնամուսնությունն արգելող օրենք։
«Մենք միայն գործի ենք դնում մեր եկեղեցում արդեն գոյություն ունեցող օրենքը»,-պարբերականին ասել է պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը։
Նոր կարգավորումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից։
Խառնամուսնություններ իրականացրած մարդիկ, ինչպես նաև համայնքի այն ներկայացուցիչները, որոնք հայերի հետ չեն նշանված, մասամբ սատարում, ոմանք էլ խիստ քննադատում են նոր որոշումը։
36-ամյա Մուրադ Գասպարը, ով «Դունյա» պարբերականում խմբագիր է, անցյալ ամիս ամուսնացել է մուսուլման թուրքի հետ, ասում է, որ եկեղեցու որոշումը պայմանավորված է հայ համայնքի և նրա ավանդույթները պահպանելու ցանկությամբ, քանի որ համայնքն աստիճանաբար փոքրանում է։
«Ես չեմ կարծում, որ այդ որոշումը ճիշտ է։ Եկեղեցական արարողությամբ ամուսնանալն ավանդույթ է։ Եթե զույգերն ամուսնանում են՝ հարգելով միմյանց հավատալիքները, ապա նրանց չի կարելի արգելել։ Ես դեմ եմ պահպանողականությանը»,-ասել է նա։
Հայ համայնքի հայտնի անդամներից Զաքարյա Միլդանօղլուն 35 տարի առաջ ամուսնացել է մուսուլման թրքուհու հետ։ «Մենք ծայրահեղ դժվարությունների միջով ենք անցել։ Թեև կինս կրոնափոխ է եղել, սակայն մեր երեխաները կնքված չեն»,-ասել է նա։
Միլդանօղլուն պատմել է, որ չնայած բոլոր դժվարություններին, ինքը չի փորձել նահանջել և կնոջ հետ ամուսնությունը բարեբախտություն է համարում։ «Եթե ես ամուսնացած լինեի հայի հետ, չգիտեմ, արդյոք այսքան երջանիկ կլինեի՞։ Մենք չէ, բայց մայրս շատ էր տխրել, երբ եկեղեցին մերժեց կնքել մեր երեխաներին»,-պատմել է նա։
33-ամյա Քրիստինը, ով չի ցանկացել հրապարակել իր ազգանունը, պատրաստվում է մուսուլման թուրքի հետ ամուսնանալ։ Չնայած ինքն էլ հասկանում է, որ նման միջոցներ եկեղեցին ձեռնարկում է համայնքը պահելու համար, սակայն նույնպես դեմ է դրան։
«Պատրիարքարանի որոշումը ճիշտ չեմ համարում։ Ես ինձ սահմանափակված եմ զգում։ Ես թաքցնում եմ իմ ազգանունը, քանի որ իմ ընտանիքն ու ընկերներիցս ոմանք չգիտեն իմ հարաբերության մասին։ Ես վախենում եմ համայնքի ճնշումներից»,-ասել է նա։
Նա նշում է, ո ր դա զույգի որոշելիքն է և եթե նրանք հարգում են միմյանց, ապա ուրիշ ոչինչ կարևոր չէ։
Բայց 28-ամյա Անահիտը համաձայն է պատրիարքարանի որոշման հետ։
«Հայ եկեղեցու օրենքները պետք է հարգվեն։ Պատրիարքարանը նոր պրակտիկա չի կիրառում, այլ օգտագործում է արդեն գոյություն ունեցողը։ Խառնամուսնությունները լրջորեն աճել են։ Մշակույթը, ավանդույթները և համայնքը պետք է պահպանվի»,-ասում է նա։










