Օբաման հայտնել է Ռոմնիի հետ առաջին բանավեճի ժամանակ իր անհաջող ելույթի պատճառը

10:34 • 11.10.12

Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման կարծում է, որ չափից շատ քաղաքավարությունն է եղել հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի հետ առաջին բանավեճի ժամանակ իր անհաջող ելույթի պատճառը, հայտնում է korrespondent.net-ը։


«Կարծում եմ՝ արդարացի կլինի, եթե ես ասեմ, որ չափից դուրս քաղաքավարի էի։ Պարզապես երբեմն դժվար է անընդհատ կրկնել՝ «Դուք սխալ եք ասում»։ Բարեբախտաբար, դա առաջին բանավեճն էր։ Եվ կարելի է վստահաբար ասել, որ հաջորդ բանավեճերը կլինեն ավելի ակտիվ»,- ասել է Օբաման ռադիոհաղորդավար Թոմ Ջոյների հետ զրույցում։

 

Նախորդ շաբաթ տեղի ունեցած բանավեճն ամբողջությամբ նվիրված է եղել ներքաղաքական խնդիրներին, որի ընթացքում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռոմնին տալիս է անիրագործելի խոստումներ՝ խոսելով հարկերի նվազեցման, բյուջետային դեֆիցիտի կրճատման հաշվին պաշտպանական ոլորտին ուղղված բյուջեի ավելացման մասին։


Ավելի վաղ նախագահի խոսնակ Դևիդ Փլավը լրագրողներին ասել էր, որ հաջորդ բանավեճերի ընթացքում Օբաման պետք է պատրաստ լինի Ռոմնիի անազնվությանը և պետք է կարողանա բացատրել ընտրողներին, թե հատկապես որ հարցերում է ստում Մասաչուսեթսի նախկին նահանգապետը։