Գետահովիտցիները բնապահպանության նախարարին բողոքեցին կառուցվող ՀԷԿ–ի դեմ (լուսանկարներ)

17:42 • 11.10.12

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ այսօր Երևան էին եկել բնապահպանության նախարարից պահանջելու, որպեսզի նա հանձնարարի անմիջապես դադարեցնել գյուղի տարածքում՝ Պաղջուր գետի վրա ևս մեկ՝ «Խաչաղբյուր-2» փոքր հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) կառուցումը: 


Նշենք, որ Պաղջուր գետի վրա արդեն իսկ գործում է մեկ փոքր ՀԷԿ՝ «Խաչաղբյուր 1» անվամբ:


Բնակիչները նախարարության առջև էին բնապահպանների հետ միասին: Նրանց պնդմամբ՝ ՀԷԿ-ի շինարարությունն ընթանում է առանց համապատասխան օրինական հիմքերի, իսկ բնապահպանական փորձաքննությունը տրվել է առանց հասարակական լսումներ իրականացնելու:


Գետահովտի բնակիչներից Արթուր Ավագյանը նշեց, որ շինարարությունն արդեն աղետալի ազդեցություն է թողել Արջատխլենիների արգելավայրի վրա:


«Առաջին հերթին ՀԷԿ-ը կառուցվել է սողանքային գոտում, որը համարվում է մշտական, այսինքն՝ սողքը հավերժ է, երկրորդ՝ ոչ մի վերականգնողական աշխատանք չի իրականացվել»,– ասաց նա:


«1800 մետր տարածքում շինաշխատանքների հասցրած վնասները չափազանց մեծ են, հազարավոր ծառեր են հատվել, այստեղ կարմիր կրիայի տեսակ կար, որը չհասցրեց մտնել Կարմիր գիրք՝ վերացավ»,- ասաց Արթուր Ավագյանը և ավելացրեց, որ բացի այդ, գյուղացիների կարծիքն ընդհանրապես հաշվի չեն առնում:


Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատրաստ էր լսել բնակիչների բողոքը և այդ նպատակով ընդունեց նրանցից մի քանիսին, ինչպես նաև մի քանի բնապահպանի։


«Գյուղացիներին հաշվի չեք առնում, որ այդտեղ հող կա, որ մեր՝ առանց այդ էլ պակաս ջրերը վերցնում եք, ծառերը անխնա հատել տալիս: Դուք ինչպե՞ս եք թույլ տվել, ինչի՞ հիման վրա, որ այդ տարածքում ՀԷԿ կառուցվի առանց մեզ հարցնելու»,– Արթուր Ավագյանը ասաց նախարարին։


«Դա գենոցիդ ա բնության հանդեպ, միլիոնավոր վնասներ եք հասցնում բնությանը: Դա մեր բնությունն է, մեր վարչական տարածքը։ Ո՞վ է փորձագիտական դրական եզրակացություն տվել»,– հարցրեց նա:


Արամ Հարությունյանը նախ իմացավ, որ միայն գետահովիտցիներն են եկել բողոքի, իսկ Ենոքավան գյուղից ոչ ոք չկա, ապա հետաքրքրվեց, թե հասարակական լսումներ անց են կացվե՞լ, թե՝ ոչ: Պարզվեց, լսումները միայն Ենոքավան համայնքում են անցկացվել, որը գետի մյուս ափին էր, սակայն բնակիչների հավաստմամբ՝ ՀԷԿ-ը նրանց հետ կապ չունի, քանի որ գյուղը վերևում է, և ամբողջությամբ ժայռերի մեջ, իսկ ՀԷԿ-ը կառուցվում է իրենց գյուղի՝ Գետահովիտի տարածքում:


«Ո՞նց եք որոշել, որ միայն Ենոքավանին է սահմանում(սահմանակից է- tert.am)»,- զարմացան գետահովիտցիները, որոնց հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ Գետահովիտը չի ճանաչվել որպես ազդակիր տարածք, քանի որ իրենց եղած փաստաթղթերով Ենոքավանն է սահմանակցում գետին:


Նախարարը նաև շինարարական կազմակերպությանը՝ «Մեգա Էներջի»-ից հետաքրքրվեց, թե օրենքով սահմանված կարգով թույլտվություն ունե՞ն, ինչին ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ Ենոքավանի համայնքի ղեկավարը տվել է թույլտվություն:


Իսկ նախարարի հարցին ի պատասխան, թե արդյոք Ենոքավանի համայնքապետը չի" ասել, որ գետը իր տարածքում չէ, «Մեգա Էներջի»-ի ներկայացուցիչն ասաց, թե Կադաստրով դա պատկանում է Ենոքավան համայնքին։ Այնուհետև նախարարը եզրակացրեց. «Պարզ է, որ լուրջ ուսումնասիրության խնդիր կա»:


Բնակիչների ներկայացուցիչ Գագիկ Աղբալյանը նշեց, որ իրենք պահանջում են բնապահպանության ՊՈԱԿ-ը անհապաղ հետ կանչի իր դրական եզրակացությունը և հիմնավորեց, որ այդ եզրակացությունները օրենքին համապատասխան չեն արվել:


Նախարարը նշեց, որ աշխատանքային խումբ կձևավորի, որի մեջ կմտնեն նաև համայնքի ներկայացուցիչները, կանցկացնեն ուսումնասիրություններ ու խախտումների հայտնաբերման դեպքում խստագույն կպատժվի շինկազմակերպությունը:


«Այս պահին ես պահանջում եմ դադարեցնել շինաշխատանքները, ու եթե ձեր իրավունքները՝ որպես կառուցապատող, խախտվել են, ապա դուք կարող եք դատական կարգով վիճարկել: Տասը օր ժամանակ եմ տալիս բոլոր հարցերը պարզելու և այս խնդրի հանգուցալուծումը ավարտին հասցնելու համար»,- հայտարարեց նախարարը:


Գետահովիտի բնակիչներն զգուշացրեցին, որ եթե ուսումանասիրությունների արդյունքներն իրենց չբավարարեն, ապա իրենք կշարունակեն բողոքի ակցիաները: