Նիկոլա Սարկոզիին նոր մեղադրանքներ են ներկայացվել

10:20 • 11.10.12

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ նոր մեղադրանքներ են ներկայացվել, այս անգամ՝ «Անտիկոր» հակակոռուպցիոն ասոցիացիայի կողմից, հայտնում է Euromag-ը։ Ընկերության մասնագետների տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահ եղած ժամանակ նա սոցհարցումների արդյունքները կեղծել է իր օգտին։



Ասոցիացիայի փաստաբան Ժերոմ Կարսենտին նշել է, որ պետական միջոցների հափշտակման և ֆավորիտիզմի մեղադրանքներով հայցը ներկայացվել է դեռ անհայտ անձի նկատմամբ, սակայն այն առնչվում է նաև Նիկոլա Սարկոզիին, ինչպես նաև Publifact խորհրդատվական ընկերությանը։
 

RFI-ի տվյալներով՝ մեղադրանք առաջադրելու համար հիմք են հանդիսացել 2007թ.-ին Publifact-ի և Ելիսեյան պալատի միջև կնքված պայմանագրերը՝ խորհրդատվական ծառայությունների և սոցհարցումների վերաբերյալ։

 

Ըստ ներկայացված բողոքի՝ հարցումներն արվել են ոչ թե հասարակության, այլ Սարկոզիի անձնական շահերից ելնելով։


Այդ իսկ պատճառով «Անտիկոր»-ը գտնում է, որ ծախսված գումարները պետական միջոցների հափշտակություն է։

 

Սա նախկին նախագահին ներկայացվող առաջին մեղադրանքը չէ։ Դեռ փետրվարին նրան մեղադրանք էր առաջադրվել իր «փիարի» համար այլ մարդկանց ներքաշելու վերաբերյալ։ Նա այցելել էր մի շինհրապարակ՝ բանվորների հետ հանդիպման, սակայն հետագայում պարզվել էր, որ նրանք ոչ մի կապ չեն ունեցել շինարարության հետ և վարձված են եղել նախագահին ջերմ ընդունելություն ցույց տալու համար։