Մեծ Մանթաշի դպրոցի նորոգման աշխատանքների խախտումների հարցով քրգործ է հարուցվել

18:51 • 11.10.12

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, պաշտոնական, ինչպես նաեւ կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ, այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազության կայքը:


Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2009-2012թթ. ընթացքում Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքները ՍՊ ընկերության կողմից կատարվել են քաղաքաշինական նորմերի եւ կանոնների խախտմամբ:


Պարզվել է նաեւ, որ կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:


Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնատար անձինք չարաշահելով իրենց պաշտոնական, իսկ հիմնանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ՍՊ ընկերության աշխատակիցները` առևտրային կազմակերպության ծառայողի լիազորությունները, ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը, հիմնանորոգման աշխատանքների` պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին համապատասխան և պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ: Արդյունքում` պետությանը պատճառվել է էական վնաս:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ եւ 308-րդ հոդվածների 2-րդ մասերով:


Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: