Վարդան Օսկանյանի խնդրի քաղաքականացումն անթույլատրելի է. Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կոչ է արել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին ձեռնպահ մնալ Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց:
«Բնականաբար, չեմ կիսում ԱՄՆ-ի հարգարժան դեսպանի հայտարարության մեջ առկա կարծիքն առ այն, որ սա արդարադատության ընտրովի կիրառում է, որովհետև սա բացառապես իրավական խնդիր է, եւ ինչպես նախկինում, հիմա էլ մեր կարծիքը հետևյալն է, որ սա իրավական խնդիր է, և այս խնդիրը քաղաքականացնելը անթույլատրելի է», - ասել է Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն իր տեսաբլոգի վերջին թողարկման մեջ անդրադառնալով Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին` նշել էր, որ այն վատ է անդրադառնում Հայաստանի ժողովրդավարությանն ու արդարադատությանը։ Իսկ ավելի ուշ դեսպան Հեֆերնն այցելել էր Գագիկ Ծառուկյանին և նույն մտահոգությունները հայտնել նրա հետ զրույցում։
Անդրադառնալով դեսպանի այն պնդմանը, թե անհանգստացնող է այն փաստը, որ դեպքերը տեղի են ունենում ընտրությունների նախաշեմին, Շարմազանովն ասել է. «Հայաստանում ցանկացած իրավական գործընթաց ընտրությունների հետ կապելը, կարծում եմ, իրականությունից հեռու և անթույլատրելի է: Եվ կարծում եմ, հենց նաև դեսպանները պետք է ձեռնպահ մնան Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց և դրանք ընտրությունների հետ կապելուց»:
Նա նաև ընդգծել է, որ տարբեր քրեական գործերով կան նաև ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, ովքեր մեղադրյալ են կամ ձերբակալված և հավելել, որ Հայաստանի իշխանությունների պայքարը ոչ թե անձերի, այլ վատ երևույթների դեմ է:










