Ռուսաստանի դեսպանը շտապ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

20:07 • 11.10.12

Թուրքիայում Ռուսաստանի  դեսպան Վլադիմիր Իվանովսկին կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ բացատրություն տալու սիրկական А320 օդանավում «արգելված բեռի» կապակցությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 

«Ինտերֆաքս»-ը հաղորդում է նաև, որ Ռուսաստանի ԱԳՆ հաստատում է այս տեղեկատվությունը:


Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայից Դամասկոս կանոնավոր չվերթ իրականացնող սիրիական ուղևորատար օդանավը, թուրքական օդուժի կործանիչների մոջոցով, ոչնչացման սպառնալիքով հարկադրաբար իջեցվել էր Անկարայի օդանավակայանում: Թուրքական կողմը կասկածներ ուներ, որ օդանավում անօրինական բեռ կա:

 

Իր հերթին, Ռուսաստանի ԱԳՆ-ն բացատրություններ է պահանջում Անկարայից միջադեպի կապակցությամբ:

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ Թուրքիան ստիպել է սիրիական քաղաքացիական ինքնաթիռին հարկադիր վայրէջք կատարել Անկարայում՝ վտանգելով ուղևորների կյանքը, որոնց թվում Ռուսաստանի 17 քաղաքացիներ են եղել:

 

«Անկարան խախտել է երկկողմ կոնվենցիան և ռուս դիվանագետներին թույլ չի տվել հանդիպել ինքնաթիռում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Մոսկվան այդ արարքի վերաբերյալ թուրքական իշխանություններից բացատրություն է պահանջում և անընդունելի է համարում նման միջադեպերի կրկնությունը», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Դիվանագետը տեղեկացրել է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը պահանջել է հանդիպում Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Օդանավակայան են ուղարկվել դեսպանատան աշխատողներ և բժիշկ, սակայն թուրքական կողմը, առանց պատճառաբանության, մերժել է դիվանագետներին հանդիպել Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Նրանց սնունդով չեն ապահովել, չեն թողել դուրս գալ օդանավակայանի տարածք։


«Ռուսական կողմը նման գործողությունների համար բացատրություն է պահանջում թուրքական իշխանություններից, ինչպես նաև գործողություններ է պահանջում նման միջադեպերի կրկնությունն ապագայում կանխելու համար»,-հայտարարել է նա։