Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ

20:50 • 12.10.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ, այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:


ԼՂՀ նախագահը գոհունակությամբ նշել է, որ դիվանագիտական դպրոցի ուսանողների այցելությունն Արցախ դարձել է բարի ավանդույթ, ինչը հատկապես կարևոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման տեսանկյունից:


Բակո Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին, անդրադարձել հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրների:


Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: