Դատախազությունը «Սեւան» ազգային պարկի դեմ 33 հայց է ներկայացրել

19:01 • 12.10.12

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ներկայացրել է 33 հայց` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի եւ /կամ/ կառուցապատման տրամադրման գործարքները վիճարկելու վերաբերյալ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:


«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ հողահատկացումների գործընթացում առկա են մի շարք ապօրինություններ, կեղծիքներ:


Արձանագրված չարաշահումների հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 27.06.2012թ. հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածով, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:


Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 3 անձանց` ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի երկու պաշտոնատար անձանց, մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը:


Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջոցներ է ձեռնարկում` ապօրինի հողահատկացումների վերաբերյալ պայմանագրերն անվավեր ճանաչելու ուղղությամբ:


Այսպես` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների շրջանակներում դատարան ներկայացված 33 հայցերից 28-ը ներկայացվել է ապօրինի հողահատկացումների մասին պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով, 3 հայց ներկայացվել է` հողամասերի կառուցապատման իրավունքի պայմանագրի հիման վրա զբաղեցրած տարածքները «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին վերադարձնելու, իսկ 2 հայց` հողամասի վարձակալության մասին պայմանագրերը դադարացնելու եւ տարածքն ազգային պարկին վերադարձնելու պահանջով: