Խուլիգանություն Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում. հրամանատարին սպառնացել են

13:30 • 13.10.12

Հոկտեմբերի 12-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի հրամանատարը խնդրել է ոստիկանության միջամտությունը, քանի որ իրեն սպառնացել են: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից։


Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում, նույն չվերթի ուղևորներ` ՌԴ քաղաքացիներ՝ 37-ամյա Արթուր Վ.-ն, 41-ամյա Վանիկ Վ.-ն և 36-ամյա Ռուդիկ Մ.-ն, գտնվելով անսթափ վիճակում, թռիչքի ժամանակ շարունակել են օգտագործել ոգելից խմիչք, չեն ենթարկվել օդանավի անձնակազմի պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել բորտուղեկցորդուհուն՝ ՌԴ քաղաքացի Տատյանա Ա.-ին և չվերթի մյուս ուղևորներին, սպառնացել օդանավի անձնակազմին և ողջ չվերթի ընթացքում կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:


Խուլիգանություն կատարողները ժամը 05.50-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:


Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք: