«Հին Երևան» նախագիծը ոչ թե հին Երևանի վերականգնում է, այլ դրա իմիտացիան. Հայաստանի ճարտարապետների միության նախագահ
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ խոսեց Երևանի ճարտարապետական խնդիրների մասին՝ ցավով արձանագրելով, որ «ցանկացած փող ունեցող «ռնգեղջյուր» քաղաքում ինչ ուզում, անում է»։
«Նախնական կապիտալի կուտակման շրջան է, ցավոք սրտի, և սա գալիս է փաստելու, այն ինչ տեսնում ենք։ Մենք սա չենք կարող թաքցնել գեղեցիկ բառերի հետևում»,- հավելեց նա։
«Հին Երևան» նախագիծը հին Երևանի իմիտացիա է։ Կարծում է Մկրտիչ Մինասյանը։ Ըստ ճարտարապետի՝ նախագծման փուլում գտնվող ձեռնարկի հեղինակները՝ քաղաքային իշխանությունները, սխալ ճանապարհով են գնում, որովհետև հուշարձանը տեղափոխելով և մի տեղ կենտրոնացնելով՝ նույն արժեքը չի ունենում։
«Միևնույնն է՝ հուշարձան չեն, եթե նրանց տեղափոխում ես։ Ի դեպ, դա կատարվում է բացառիկ դեպքերում»,– ասաց Մկրտիչ Մինասյանը՝ նշելով, որ ավելի լավ է Երևանի քաղաքային որոշ շերտեր պարունակող արժեք ներկայացնող շենքերը, փոքրիկ տները ապրեին էլիտար շինարարության հարևանությամբ, բայց ոչ՝ տեղափոխվեին։
«Եվ հետո, հին Երևանը պետք է լիներ ամբողջովին կանաչ, հանգստյան տեղ պետք է լիներ, ոչ հագեցված նման կառույցներով, և մարդիկ, ծերերը էդտեղ հանգստանային, ինչպես ամբողջ աշխարհում է»,- ասաց Ճարտարապետների միության նախագահը։
Նա շատ դժգոհ է «Մեր մեծերը՝ մեր կողքին» արձանաշարից։ «Կարող ա՝ լավ նախաձեռնություն է եղել, բայց մեր մեծերին նման ձևով մարդկանց մոտեցնելը... Էդ տեսքով, գեղարվեստական նման ցածր մակարդակով արված»,– ասաց Մկրտիչ Մինասյանը, ով համաձայն է գնահատականի հետ, որ արձանները ասես անձնագրի նկարներից հանված լինեն։
Նա նշեց, որ նման քաղաքային մշակույթ աշխարհի շատ քաղաքներում եղել է, բայց ոչ թե անձնավորված, այլ հասարակ քաղաքացու կերպարով։
«Կար նման ժանր, դրվում էին արձաններ քաղաքացու կերպարով, բայց ոչ անձնական. Եթե Չարենցի արձանն է դրվում, մեծարժեք գործ պետք է լինի։ Մհեր Մկրտչյանը նման խեղկատակ վիճակով չպետք է լինի, որովհետև ոչ բոլորը գիտեն, որ էդ արձանը նրա դերերից ինչ-որ մեկն է»,– ասաց բանախոսը։
Նրա խոսքով՝ աղավաղված է Կոնդը, որը նրա կարծիքով՝ վերականգնել այլևս հնարավոր չէ։ «Բզկտված են» երևանյան այգիները, բացառությամբ «Սիրահարների այգու», (ասաց՝ «որովհետև տեր ունի), իսկ ձեղնահարկերը լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքի ճարտարապետական տեսքի համար։
Երևանում ճարտարապետական տեսքի բարելավման առումով որոշ «լավ բաների» թվում Մինասյանը առանձնացրեց կամարանցումների գեղարվեստական ձևավորումը։










