«Ես քեզ՝ դու ուրիշին» նախաձեռնություն. մարդուն կարելի է օգնել անգամ 100 դրամով

23:59 • 13.10.12

Հայաստանում ստեղծվել է Pay it forward կամ «Ես քեզ, դու՝ ուրիշին» բարեգործական նախաձեռնություն, որի նպատակն է անհատների, մասնավոր հատվածի, ինչպես նաև պետության ուշադրությունը սևեռել ամենածանր հիվանդություններով տառապող մարդկանց բուժում ստանալու խնդրի վրա, և համակարգել նրանց կյանքի համար անհրաժեշտ հազարավոր դոլար արժեցող վիրահատությունների ֆինանսավորումը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին բարեգործական նախաձեռնության համահեղինակներ Արմեն Մարտիրոսյանը և Լուսինե Սաղումյանը:


«Նշված կլինեն ինչպես on line, այնպես էլ սովորական բանկային փոխանցման հաշվեհամարները, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա բանկի միջոցով փոխանցում կատարել: Ցանկանում ենք մի նորամուծություն մտցնել, որ sms-ի միջոցով մարդիկ կարողանան փոխանցումներ կատարել սկսած 100 դրամից: Եթե տասնյակ հազարավոր մարդիկ փոխանցեն, և, մենք հուսով ենք, որ կփոխանցեն, ապա 50 -60 հազար դոլարանոց վիրահատության հնարավորություն կտրվի մարդկանց»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը և հավելեց, որ այդկերպ հասարակությանը մասնակից կդարձնենք «այդ սուրբ գործին»։

Իսկ մտահղացման գաղափարը ծնվել է գրող, հրապարակախոս, լրագրող Լուսինե Վայաչյանի դստեր օրինակով, ով դիմել էր ֆեյսբուքյան իր ընկերներին՝ հեպատիտ C ունեցող մորը բուժման համար աջակցելու նպատակով:

«Ես քեզ՝ դու ուրիշին» բարեգործական նախաձեռնությունը ենթադրում է ստեղծել համապատասխան կայք և ցանց, որի միջոցով էլ՝շրջանառության մեջ դնել մարդկային կյանքին վտանգ սպառնացող ծանր հիվանդություններ ունեցող անձանց մասին տեղեկություններ՝ լուսանկարների ու տեղեկությունների բազայի հիման վրա ստեղված տեսանյութերի միջոցով:
Հիվանդների համար դրամահավաքներն, ըստ նախաձեռնության կազմակերպիչների, կազմակերպվելու են առաջնահերթության սկզբունքով, այն է՝ թե տվյալ հիվանդներից ո՞ր մեկն ավելի շուտափույթ բժշկական օգնության կարիք ունի:
Նախապատվությունը տրվելու է նաև հիվանդ երեխաներին, իսկ հիվանդությունների գծով հստակ սահամափակումներ չեն դրվել: