Հալեպում շարունակվող բախումների հետևանքով տուժել է քաղաքի պատմական Մեծ մզկիթը
Սիրիայի կառավարական զորքերն այսօր առավոտյան սկսել են ռմբակոծել Հալեպի կենտրոնում գտնվող Մեծ մզկիթը (Оմայանների մզկիթ), հայտնել է «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը։
Մի քանի օր առաջ կառավարական ուժերն այնտեղից հեռացրել էին Սիրիայի ազատ բանակի զինյալներին, սակայն շուտով ապստամբներին հաջողվել էր վերահսկողության տակ վերցնել այն։
Դեռևս չճշտված տեղեկություններով՝ քաղաքի ամենամեծ մզկիթում հրդեհ է բռնկվել։
Այս մզկիթը կառուցվել է 13-րդ դարում, սակայն դրա մինարեթներից մեկն ավելի քան 1 000-ամյա է։
Հիշեցնենք, որ Սիրիայում շարունակվող հակամարտության ընթացքում արդեն բազմաթիվ պատմական արժեք ունեցող շինություններ են վնասվել։
Ավելի վաղ այրվել էին Հալեպի պատմական հին շուկայի բազմաթիվ կրպակներ, իսկ վերջերս համացանցում հայտնվել էին լուսանկարներ, համաձայն որոնց՝ ռմբակոծություններից տուժել էր նաև Հալեպի խորհրդանիշերից մեկը՝ հազարամյակների պատմություն ունեցող Հալեպի բերդը։










