Ջրասույզ Ferrari-ն վերականգնվել և հարյուր նոր «ձիեր» է ստացել (լուսանկարներ, տեսանյութ)
Բազմօրյա մրցարշավների ժամանակ վթարի ենթարկված հազվագյուտ մոդիֆիկացիայի ենթարկված Ferrari Enzo-ի տերը ոչ միայն վերականգնել է իր թանկարժեք սպորտկուպեն, այլև այն վերածել է էլ ավելի յուրօրինակ մեքենայի, հաղորդում է auto.vesti.ru-ն:
Edo Competition կատարելագործման ստուդիայի կողմից թյունինգի ենթարկված սուպերմեքենան ստացել է Ferrari ZXX անվանումը և 950 ձիաուժ հզորություն:
Ferrari Enzo XX Evolution սուպերմեքենան, որը նույն ստուդիայում ստեղծվել էր 2009թ., 2011թ. աշնանը վթարվել էր և հայտնվել գետում յոթնօրյա Targa Newfoundland մրցարշավի ժամանակ, երբ սեփականատեր Զաիր Ռանան կորցրել էր կառավարումը: Վթարից հետո նա հայտարարել էր, թե գլխավորն այն է, որ կենդանի է մնացել, իսկ մեքենան միշտ էլ հնարավոր է գնել:
Սուպերմեքենայից մնացածը, որը լրատվամիջոցներում ստացել էր «Դեղին սուզանավ» մականունը, ջրից հանվել, և վերադարձվել էր Edo Competition-ի վերանորոգման կենտրոն։
Այնտեղ գերթանկարժեք կուպեն, որը Մարանելոյում թողարկված Ferrari FXX–ի նմանությամբ ստացել էր Ferrari Enzo ZXX անվանումը, պահպանել էր նույն կատարելագործված V12-ը, որի ծավալը` 6,0-ից հասցվել էր 6,3 լիտրի: Այժմ այս շարժիչը նախկին 840 ձիաուժի փոխարեն 950 ձիաուժ հզորություն է ապահովում:
Մեքենայի արագացման տվյալները չեն հրապարակվում, սակայն նախորդ տարբերակը 0-100 կմ/ժ արագության հասնում էր 3,2 վայրկյանում:
Բացի այդ, վերականգնված սուպերմեքենան համալրվել է նոր անվահեծերով և առավել ագրեսիվ աերոդինամիկա վրադիրներով:










