Նիհարեցնող հաբերը ողբերգական ավարտ են ունեցել Ռոստովի 31-ամյա բնակչուհու համար

15:38 • 14.10.12

Գովազդվող նիհարեցնող հաբերը ողբերգական ավարտ են ունեցել ՌԴ Ռոստովի մարզի 31-ամյա բնակչուհի Գալինա Ռ.-ի համար, հայտնում է Life News-ը։

 

Ազովա քաղաքի սոցիալական ծառայության աշխատակցուհին հարազատներից գաղտնի մեկ տարի շարունակ նիհարեցնող հաբեր է ընդունել, որը հանգեցրել է կնոջ մոտ տոքսիկական հեպատիտի։

 

Օրեր առաջ նրան ծանր վիճակով հոսպիտալացրել են քաղաքի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։


172 սմ հասակ ունեցող Գալինան կշռում էր 55 կգ, սակայն շարունակում էր դժգոհել իր արտաքինից և գտնում էր, որ գեր է։


Մեկ ու կես տարի առաջ նա ամուսնալուծվել է ու որդու հետ տեղափոխվել ծնողների տուն։ Սիրեցյալի հետ բաժանումն է՛լ ավելի է խորացրել երիտասարդ կնոջ բարդույթները։

«Վերջին ժամանակներում նա հաճախ էր հրաժարվում սննդից, առավոտյան խմում էր միայն սուրճ։ Աղջիկս ասում էր, որ սնվում է աշխատավայրում, մենք էլ հավատում էինք...»,- պատմել է Գալինայի հայրը։

 

Հիվանդանոցում անցկացված ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվել է, որ մոդելի կազմվածք խոստացող «հրաշք» հաբերի հետևանքով նրա լյարդը փոքրացել է կրկնակի, վնասվել են երիկամները։