Էրդողանը Թուրքիային դեպի պատերազմ է տանում. թուրք ընդդիմադիր
Էրդողանը Թուրքիան դեպի պատերազմ է տանում, հայտարարել է թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, նա նշել է, որ չնայած արտաքին որոշ ուժեր խրախուսում են Թուրքիայի այս կեցվածքը, սակայն ժողովուրդը պատերազմ չի ցանկանում։
«Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը դեպի պատերազմ է հրում՝ որպես պատճառ նշելով այն, թե Սիրիայում ժողովրդավարություն չկա։ Իսկ Մերձավոր Արևելքի ո՞ր երկրում կա ժողովրդավարություն, Թուրքիայում կա՞։ Այստեղ ձերբակալված են զինծառայողներ, պատգամավորներ, լրագրողներ, ուսանողներ, որտե՞ղ է ժողովրդավարությունը»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դժգոհ է իշխող կուսակցության՝ հատկապես վարչապետի և արտգործնախարար Դավութօղլուի վարած արտաքին քաղաքականությունից և պարբերաբար մեղադրում է վերջինիս «հարևանների հետ 0 խնդիր» ունենալու քաղաքականությունը տապալելու համար։










