Սիրիական օդանավի միջադեպը չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա. Լավրով
Անկարայում հարկադրաբար վայրէջք կատարած ուղևորատար օդանավի հետ կապված միջադեպը որևէ կերպ չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարների վրա, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Ես վստահեցնում եմ՝ ոչ ոք չպետք է անհանգստանա ռուս-թուրքական հարաբերությունների կապակցությամբ: Դրանք զարգանում են կայուն և ամուր հիմքերի վրա», - ասել է Լավրովը լրագրողներին:
Մեկնաբանելով օդանավի միջադեպը, նա նշել է, որ այնտեղ եղած բեռը «պատկանել է ռուսական կազմակերպությանը և նախատեսված էր սիրիական կողմին»:
«Բեռը օրինական էր, և օրինական հիմքերով էր տեղափոխվում», - հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:
Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ Ռուսաստանը դեռևս ակնկալում է թուրքական կողմից այդ միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ:
Հիշեցնենք, որ սիրիական Airbus A-320 օդանավը, որը Մոսկվայից Դամասկոս էր ուղևորվում, չորեքշաբթի երեկոյան թուրքական կործանիչների միջոցով հարկադրաբար իջեցվել էր Անկարայի օդանավակայանում:










