Ճգնաժամը մերկացրել է եվրոպացիներին. ցույցեր Իսպանիայում ու Պորտուգալիայում
Իսպանիայում ու Պորտուգալիայում կրկին բողոքի ակցիաներ են անցկացվում։ Ցուցարարների դժգոհությունը նույնն է՝ նրանք դեմ են կառավարությունների կողմից իրականացվող քաղաքականությանը, հայտնում է BBC-ն։
Սակայն ի տարբերություն նախորդ ակցիաների, այս հանգստյան օրերին ամեն ինչ խաղաղ է ընթանում։
Մադրիդի փողոցներ դուրս եկած հազարավոր մարդիկ, մասնավորապես, դեմ են պետական ծախսերի կրճատումներին ու հարկերի բարձրացմանը։ Իրավիճակն առավել պատկերավոր ներկայացնելու համար, թե ինչ օրի են հասցրել իշխանություններն իրենց, որոշ իսպանացիներ փողոց են դուրս եկել ամբողջովին մերկ վիճակով։
Ինչպես հայտնում է vesti.ru-ն, նրանք վանկարկել են՝ «Մենք ոչինչ չունենք, այդ իսկ պատճառով ոչինչ չենք վճարի»։
Պորտուգալացիներն ավելի «համեստ» են գտնվել և հանվել չեն ցանկացել։
Ցուցարարների կարծիքով՝ հենց Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի պատճառով են երկրները ստիպված գնում նման քայլերի։
Երկրները պետք է կրճատեն ծախսերը՝ «վարկատու» եռյակից անհրաժեշտ ֆինանսական օգնությունը ստանալու համար։










