Սիրիայում ռուսական արտադրության կասետային ռումբեր են կիրառվում
Իրավապաշտպանները Սիրիայի կառավարական ուժերին մեղադրում են ապստամբների դեմ կասետային ռումբեր օգտագործելու մեջ, այսօր հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը:
Դիտորդների տեղեկություններով, ինքնաթիռներից և ուղղաթիռներից կասետային ռումբեր են արձակվել սիրիական Մաարատ ալ Նուման քաղաքի շրջանում:
Ապստամբները քաղաքը գրավել էին հոկտեմբերի սկզբին՝ արգելափակելով Դամասկոսից Հալեպ տանող ավտոճանապարհը: Մոտ մեկ շաբաթ կառավարական ուժերը փորձում էին հետ գրավել քաղաքը:
Human Rights Watch-ի ներկայացուցչի խոսքով, ռմբակոծության հետևանքով կասետային ռումբերից տարածվող ենթամարտակգխիկները խոցել են բազմաթիվ բնակելի տներ:
Բացի այդ, իրավապաշտպանները տեսագրություններ ունեն, թե ինչպես են խաղաղ բնակիչները գետնից հավաքում չպայթած ենթամարտագլխիկները, դրանք տանելով որպես հուշանվեր:
HRW-ն հիշեցնում է, որ դրանք լուրջ վտանգ են ներկայացնում, քանի որ կարող են պայթել ցանկացած պահի:
Իրավապաշտպանների տեղեկություններով, կասետային ռումբերը Ռուսական արտադրության են, սակայն հստակ չէ, թե Սիրիան երբ է դրանք գնել Ռուսաստանից:
Կասետային ռումբերը, որոնք պայթում են օդում և ավելի փոքր ռումբերով մեծ մակերեսով տարածվում, համարվում են զանգվածային ոչնչացման զենք և արգելված են աշխարհի շատ երկրներում:
Սակայն կասետային ռումբերի արգելման 2010թ. կոնվենցիան չեն վավերականացրել դրանց հիմնական արտադրող և սպառող պետությունները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը և Սիրիան:










