Սիրիան փակել է օդային տարածքը թուրքական ինքնաթիռների համար
Սիրիայի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը թուրքական քաղաքացիական ինքնաթիռների համար։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, որոշումն ուժի մեջ է մտել շաբաթ գիշերվանից։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Թուրքիան Մոսկվա–Դամասկող սիրիական քաղաքացիական ինքնաթիռին ստիպեց Անկարայում վայրէջք կատարել և առգրավեց ինքնաթիռի բեռը։
Ինքնաթիռի ուղեբեռի զննության արդյունքում թուրքական կողմն առգրավել էր էլեկտրոնային սարքեր, որոնք կարող են օգտագործվել հակաօդային պաշտպանության համակարգերում։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ ինքնաթիռում հայտնաբերված տեխնիկան կարող է օգտագործվել ռադիոտեղորոշիչ կայաններում և դրանց տեղափոխումն օրինական է եղել ու չի հակասել միջազգային օրենսդրությանը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով՝ ինքնաթիռում «զենք ու զինամթերք» է եղել։ Պաշտոնական Դամասկոսն այդ հայտարարությունը կեղծ էր համարել՝ Անկարային կոչ անելով ցուցադրել այն։










