Պասկևիչի բլրում նշել են Երևանի բերդի գրավման 185 ամյակը

13:17 • 14.10.12

Էրեբունի-Երևան 2794 տոնակատարության շրջանակներում, Երևանի Պասկևիչի բլրում տեղի է ունեցել Երևանի բերդի գրավման 185 ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն։


Ըստ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության՝ միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, «Ռոսսոտրուդնիչեստվո» ԱՊՀ երկրների դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բարձրաստիճան հյուրեր, հոգևոր դասի ներկայացուցիչներ:


Ներկաները նախ ծաղկեպսակներ են դրել ռուս գեներալ Իվան Պասկևիչի կիսանդրուն: Հնչել են ՀՀ և ՌԴ պետական օրհներգերը:


Ելույթ ունեցողները հատկանշել են այն փաստը, որ Երևանի բերդի գրավման 185 ամյակը Էրեբունի-Երևան տոնակատարության օրը նշելը վկայում է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին և շնորհավորել են մայրաքաղաքի հերթական տարեդարձը:


Պատմական ակնարկի ընթացքում ներկայացվել է գեներալ Պասկևիչի գլխավորած ռուսական զորքերի կողմից Էրիվան քաղաք-ամրոցի գրավման և պարսիկների դեմ հաղթանակի 185-ամյակին նվիրված համառոտ պատմությունը:


Պասկևիչի բլրում հիշատակի հանդիսությունը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի և «Ռոսսոտրուդնիչեստվո» ԱՊՀ երկրների դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության կազմում գործող «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպության կողմից:


Միջոցառումը եզրափակվել է ՀՀ զինված ուժերի պատվո-պահակային վաշտի տոնական երթով: