Երևանի 2794–ամյակին նվիրված տոնական շքերթը շարժվել է դեպի Հանրապետության հրապարակ (լուսանկարներ)
«Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանին հարակից հրապարակում տեղի ունեցած հանդիսությունից հետո՝ տոնական շքերթը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, տոնական հանդիսավոր քայլերթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ:
Ըստ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության՝ քայլերթի ամբողջ երկայնքով մայրաքաղաքի բնակիչները իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են փոխանցել քաղաքապետին։
Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր երևանցիներ շքերթի մասնակիցներին դիմավորել են «Ւմ սրտի մայրաքաղաք» խորագրով պաստառներով ու շնորհավորական վանկարկումներով:
Այնուհետ տոնական քայլերթով հրապարակ են մտել մի կողմից նորանկախ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և ոստիկանական համակարգի, մյուս կողմից ուրարտական բանակի հագուստներով զինվորները, ինչին հետևել է վարչական շրջանների ներկայացուցիչների շքերթը։
Երևանի պատվավոր քաղաքացի Ալեքսանդր Գրիգորյանը, իր հետ պատվավոր քաղաքացու կոչում ստացած Ռաֆայել Վահանյանի և Հենրիխ Մխիթարյանի անունից շնորհակալություն հայտնելով և շնորհավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին նշել է, որ նման կոչմանն արժանանալը մեծ պատիվ ու պատասխանատվություն է:
«Մենք նկատում և գնահատում ենք այն մեծ ու սրտացավ աշխատանքը, որ տարվում է այսօր քաղաքապետի կողմից Երևանն ավելի գեղեցիկ ու բարեկարգ դարձնելու ուղղությամբ»,– ասել է նա:
«Խոնարհվում եմ երիտասարդ քաղաքապետի ու իր թիմի առջև: Այն ծրագրերն ու մտահղացումները, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը, համոզված եմ, շատ կարճ ժամանակում իրականություն կդառնան շնորհիվ այն մեծ եռանդի ու աշխատասիրության, որով առաջնորդվում է Տարոն Մարգարյանը: Մենք հավատում ենք Երևանի վաղվա` առավել լուսավոր ու խոստումնալից օրվան»,- նշել է Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:










