Երևանում բացվեց «Ալիանս Ֆրանսեզի» դպրոց
Այսօր Երևանում բացվեց «Ալիանս Ֆրանսեզ» հիմնադրամի դպրոցը, որը կգործի Մոսկովյան 3 հասցեում՝ նախկին Աճառյան համալսարանի շենքում:
Դպրոցի պաշտոնական բացումը կատարեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Տիգրան Սարգսյանը բացման արարողությունից հետո նշեց, որ չնայած «Ալիանս Ֆրանսեզը» Հայաստանում ունի շուրջ տասը տարվա պատմություն, սակայն նոր շենքի բացմամբ այն նոր շունչ է ստանալու Հայաստանում:
Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որ կենտրոնի գործունեությունը ՀՀ-ում տարածվի և խորանա:
«Մենք շահագրգռված են համագործակցել Ֆրանսեզի հետ՝ որպես հասարակական կազմակերպություն որովհետև համոզված ենք, որ նրա միջոցով ՀՀ-ում հնարավոր է էապես խթանել եվրաինտեգրացիայի գործընթացները»,– ասաց վարչապետը:
«Անհրաժեշտ չէ մանրակրկիտ ներկայացնել, թե Ֆրանսիան ինչ մեծ ազդեցություն ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի վրա՝ մշակութային, գաղափարական առումով»,- ասաց նա և միաժամանակ նշեց, որ հայ ժողովուրդը յուրահատուկ համակրանք ունի Ֆրանսիայի նկատմամբ:
Դեսպան Անրի Ռենոն լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Ալիանս Ֆրանսեզի» կրթամշակութային հաստատության բացումը Հայաստանում գալիս է հաստատվելու իր արժանի վայրում՝ կենտրոնում: Դեսպանը նշեց, որ այն լեզվի ու մշակույթի ոլորտներում հենց Ֆրանսիայի դեմքն է:
«Ալիանս Ֆրանսեզ»–ի նպատակը ողջ աշխարհում ֆրանսերեն լեզվի ու մշակույթի տարածումն է, ինչպես նաև այն երկրների մշակույթների ու արվեստագետների խրախուսումը, որտեղ այն ներկայացված է:
«Այսօր այն լավագույն պայմաններում է գտնվում իր մեկնարկային քայլերը սկսելու համար: Ֆրանսեզը կլինի ավելին քան դպրոց՝ կարծիքների փոխանակման, շփումների և երկխոսության վայր: Սա կլինի Երևանում ֆրանսիական մշակույթի կենտրոն, օթևան բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Ֆրանսիայով»,- ասաց նա:
Այստեղ էր նաև «Ալիանս Ֆրանսեզ» հիմնադրամի գլխավոր քարտուղար Ժան-Կլոդ Ժակին: Նա տեղեկացրեց, որ, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում գործում է «Ալիանս Ֆրանսեզ»–ի 850 կենտրոն, ուր ներգրավված է կես միլիոն ուսանող: Հայաստանցիների թիվը կազմում է՝ 527:
Դպրոցի տնօրեն Սյուզան Ղարամյանը տեղեկացրեց, որ դպրոցում կարող են ֆրանսերեն սովորել բոլոր ցանկացողները: Այսօր որևէ տարիքային սահամանափակում դրված չէ: Սովորելուց հետո բոլորը ստանում են վկայական, որը Ճանաչվում է ողջ աշխարհում թե՛ գործատուների, թե՛ համալսարանների կողմից:
«Մեզ մոտ մեկ ժամը արժե 600 դրամ, ինչը թանկ չէ: Ուսուցումը ընթանում է փուլերով, կան նաև արագացված դասընթացներ: Մենք ընդունելիս ստուգում ենք տվյալ մարդու ֆրանսերենի իմացությունը, ըստ այդմ որոշում, թե նա որ մակարդակում պետք է ուսուցանվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ալիանս Ֆրանսեզը» Հայաստանում գործում է 2003թ-ից՝ Ֆրանսիական համալսարանի շենքում:
«Ալիանս Ֆրանսեզ»–ը ստեղծվել է 1883թ-ին Պոլ Քամբոնի նախաձեռնությամբ՝ նոր ձևավորվող գաղութային կայսրությունում՝ ֆրանսիական մշակույթը տարածելու նպատակով: Նախաձեռնությանը սատարել են այնպիսի հանրաճանաչ անհատներ, ինչպիսիք են՝ Ժյուլ Վեռնը, Էռնեստ Ռենանը, Լուի Պաստորը և այլոք:










