ՀՀ ԶՈւ մարտական պատրաստությունն ընթանում է ընդհանուր պլանի շրջանակներում. ՊՆ

13:24 • 15.10.12

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության և մարտունակության բարձրացման գործընթացն ընթանում է ընդհանուր պլանի շրջանակներում. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը: 


«Այս տարի այն առանձնանում է նրանով, որ բավականին հագեցած է տարբեր բնույթի միջոցառումներով, որոնցից հիմնական մաս կազմեցին ՀՀ տարածքում անցկացվող ՀԱՊԿ մասնակից պետությունների զորավարժությունները և վերջերս ավարտված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները»,- ասաց նա:


Իշխան Մաթևոսյանը նշեց, որ ՀԱՊԿ զորավարժությունն առաջինն էր, որն Հայաստանում անցկացվեց և որին այլ պետությունների ուժային կառույցները նույնպես մասնակցեցին:


«Իսկ դա ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, կենսունակ է թե՛ քաղաքական, և թե՛ ռազմական առումով»,- ասաց նա և ավելացրեց, որ զորավարժությունները փայլուն արդյունք տվեցին:


ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն իր հերթին անդրադարձավ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին, որը, ըստ նրա, բավական մեծ ընդգրկում ունեցավ: Արտակ Դավթյանի խոսքով՝ մասնավորապես անձնակազմը եղել է 45 000, իսկ միավոր տեխնիկան՝ 5000:


Նրա խոսքով՝ ընդգրկվել են ՀՀ զինված ուժերը՝ հիմնական մասով, նաև մյուս ուժային կառույցները՝ ՀՀ ոստիկանություն, փրկարարներ և նաև պահեստազորայիններ:


«Զորավարժությունը չի կարող միանգամից սկսվել և արագ ավարտվել: Սա առաջինի տրամաբանական շարունակությունն էր և նպատակն էր նաև այլ զորքերի պատրաստության , այսինքն՝ պատերազմի դեպքում երկրորդ մասով համագործակցության զարգացումը գործընկերների հետ և մարզումը զորքերի»,- ասաց նա:


Արտակ Դավթյանը անդրադառնալով զինտեխնիկային՝ նշեց, որ զորավարժություններին մասնակցել են նորագույն հակատանկային միավորումներ:


Ըստ նրա, պլանային կարգով իրականացվում է հին սպառազինության տեխնիկայի փոխարինումը նորով:
«Ուշադիր հետևում ենք, հավանական հակառակորդի տեխնիկայի համալրմանը և դրան հակակշիռ բերելու համար ձեռք են բերվում ակտիվ պաշտպանական միջոցներ: Մենք պետք է քայլ առաջ լինենք հնարավոր հարձակումներից»,- եզրափակեց նա: