Բակո Սահակյանը մասնակցել է անասնաբուժական լաբորատորիայի նոր շենքի բացմանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին մասնակցել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական լաբորատորիայի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը, այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Բակո Սահակյանը նշել է, որ ժամանակակից պայմաններին համապատասխան նման կառույցը խիստ պահանջված է ԼՂՀ համար և մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը:
ԼՂՀ նախագահն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի կարևորությունը հանրապետության համար՝ նշելով, որ այստեղ ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածություն:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող մի շարք օբյեկտներ և տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
ԼՂՀ նախագահին ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, պաշտոնատար այլ անձինք:










