Հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները

15:49 • 15.10.12

Անցյալ շաբաթ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկած Նոբելյան 111-րդ շաբաթվա շրջանակներում հայտնի են դարձել տնտեսագիտության բնագավառի դափնեկիրները, հայտնում է nobelprize.org կայքը։

 

Հեղինակավոր մրցանակին են արժանացել Էլվին Ռոթը (Հարվարդի համալսարան, ԱՄՆ) և Լլոյդ Շեփլին (Կալիֆոռնիայի համալսարան, ԱՄՆ)՝  պրակտիկայում շուկայական ինստիտուտների նախագծման տեսության համար։

 Այս մրցանակը տրվում է 1969 թվականից, տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար:

 

Նախորդ շաբաթ հայտնի էին դարձել ֆիզիոլագիայի և բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության ոլորտների և, իհարկե, Խաղաղության մրցանակակիրները։

 

Բաղձալի մրցանակին են արժանացել ամերիկացի հետազոտողներ Ռոբերտ Լեֆկովիցը և Բրայան Կոբիլկան՝ բջջային ռեցեպտորների ոլորտում իրականացրած ուսումնասիրության համար։  

 

Ֆրանսիան և ԱՄՆ-ն ներկայացնող Սերժ Հարոշն ու Դևիդ Ուայնլենդը հեղինակավոր մրցանակին են արժանացել քվանտային ֆիզիկայի ոլորտում կատարած աշխատանքի համար։

 

 Իսկ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում կատարած ձեռքբերումների, մասնավորապես՝ ցողունային բջիջների և կենդանիների կլոնավորման ոլորտում սպասված մրցանակին են արժանացել բրիտանացի Ջոն Հերդոնն ու ճապոնացի Սինյա Յամանական։


Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել չին գրող Մո Յանը։ Նրան մրցանակ է շնորհվել այն աշխատանքների համար, որոնցում «հալյուցինածին ռեալիզմը համադրվում է ժողովրդական հեքիաթների, պատմության և ժամանակակից միջավայրի հետ»:

Ինչ վերաբերում է Խաղաղության մրցանակին, ապա այն շնորհվել է Եվրոպական Միությանը։

 

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում և Օսլոյում։ Այս մրցանակը շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի ոլորտում ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար։