Էրդողանը հայտարարել է, որ հայկական օդանավը իջեցվել է խախտումների համար, սակայն այդպիսիք չեն հայտնաբերվել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավը այսօր իջեցվել է Էրզրումի օդանավակայանում թույլ տրված խախտումների կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Վայրէջքը իրականացվել է մի շարք խախտումների կապակցությամբ, սակայն անցկացված զննությունից հետո այն ուղարկվել է, քանի որ հետևանքներ առաջացնող որևէ խնդիր չի հայտնաբերվել», - այսօր հայտարարել է Էրդողանը Անկարայի օդանավակայանում դեպի Ադրբեջան թռիչքից առաջ, ուր մեկնում է այցով:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Երևանից Հալեպ ուղևորված ինքնաթիռը, որը «Օգնիր եղբորդ» նախաձեռնության մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն էր տեղափոխում սիրիահայերի համար, վայրէջք էր կատարել նախապես պլանավորված ստուգման նպատակով։ Միջազգային լրատվամիջոցները, շատ արագ տարածեցին այդ լուրը՝ ներկայացնելով այն որպես հարկադիր իջեցում։ Սակայն, ինչպես հայտարարեցին «Օգնիր եղբորդ» նախաձենության համակարգողները, դրանում անակնկալ ոչինչ չկար։
Թուրքական կողմի ստուգումից հետո ինքնաթիռը ուղղություն վերցրեց և բարեհաջող վայրէջք կատարեց Հալեպում։
Այս ամենով հանդերձ, բավական երկիմաստ է դառնում Էրդողանի վերը նշված մեկնաբանությունը։
Էրդողանը անրադարձել է նաև հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած սիրիական օդանավի հարկադրական վայրէջքի միջադեպին՝ նշելով, որ այդ օդանավում ռազմական նշանակության բեռ է եղել:
«Մեր կառույցները շարունակում են հետաքննությունը: Սակայն միանգամայն ակնհայտ է, որ այդ սարքավորումները ռազմական նշանակության են: Թե ինչ բեռ է տեղափոխվել հայտնի է հայտարարագրից», - ավելացրել է նա:
Իր հերթին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից գրավված օդանավում որևէ զենք չի եղել: Նախարարը նշել է, որ այնտեղ եղել են տեղորոշման կայանների համար նախատեսված սարքեր, որոնց տեղափոխումը արգելված չէ քաղաքացիական ավիացիայի մասին միջազգային համաձայնագրերով:
Լուսանկարը՝ РИА Новости-ի










