Կաթողիկոսն ընդունել է Հայ-իտալական խորհրդարանական բարեկամության խմբին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայ-իտալական խորհրդարանական բարեկամության խմբին, այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Իտալիայի իշխանությունների միջև հարաբերությունները գնալով ավելի են զարգանում` համահունչ դարերի ընթացքում երկու երկրների միջև եղած բարեկամությանը:
Անդրադառնալով Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ դրանք բարձր մակարդակի վրա են գտնվում և աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ:
Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ երկու Եկեղեցիների եղբայրական հարաբերություններն արտահայտվում են ինչպես հովվապետերի, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականների փոխայցելություններով:
Նորին Սրբությունը գոհունակությամբ նաև նշել է, որ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու աջակցությամբ Հայ Եկեղեցու մի շարք սպասավորներ իրենց կրթությունն են շարունակում Եվրոպայի և Ամերիկայի բարձրագույն ուսումնական հաստատություններում` մասնագիտանալով աստվածաբանական զանազան գիտությունների մեջ:
Զրույցի ընթացքում խոսվել է նաև հայ ժողովրդի հոգևոր, մշակութային կյանքում, ինչպես նաև ազգային ինքնության պահպանման գործում Հայ Եկեղեցու կարևոր դերակատարության մասին, անդրադարձ է կատարվել Հռոմի և Միլանի հայկական համայնքների վիճակին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և Հայ Եկեղեցու միջեկեղեցական ու միջկրոնական կապերին:










