Չկա մի սիրիահայ, ում խնդիրներին Սփյուռքի նախարարությունը չարձագանքի. Հրանուշ Հակոբյան
Սիրիահայերի խնդիրները շարունակում են մնալ ՀՀ սփյուռքի նախարարության ուշադրության ներքո և նրանց վերաբերող ցանկացած հարցի նախարարությունն անմիջապես արձագանքում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Եթե դուք ծանոթ եք որևէ սիրիահայի, ով դժգոհ է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատանքից, և եթե նրա բարձրացված հարցին նախարարության աշխատակիցն անմիջապես չի արձագանքել, ես պատրաստ եմ նրան հեռացնել աշխատանքից: Այդպիսի բան չկա»,- համոզմունք հայտնեց նախարարը:
Ըստ նրա, սիրիահայերի խնդիրների լուծման նպատակով ՀՀ պետբյուջեից կառավարությունը հատկացրել է 1,5 մլն դոլար:
Նախարարը նշեց, որ այսօր Հայաստանում են գտնվում շուրջ 5000 սիրիահայեր՝ ավելի քան 1600 ընտանիք։ Ըստ նրա, սիրիահայերի խնդիրների լուծման համար ՀՀ օրենքներում և կառավարության որոշումներում մի շարք փոփոխություններ են կատարվել:
«Այժմ աշխատանք է տարվում տուրքի մասին օրենքի փոփոխության մասով: Օրենքի փոփոխությունը կթեթևացնի մեր հայրենակիցների վիճակը»,- ասաց նա:
Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ սիրիահայերից Հայաստանի բուհեր է դիմել 200 ուսանող, դպրոցներ և մանկապարտեզներ է հաճախում, ավելի քան 500 երեխա, սիրիական ծրագրով նորաբաց դպրոց է ընդունվել շուրջ 250 աշակերտ:
Նախարարի խոսքով՝ գլխավոր խնդիրներից մեկը աշխատանքի տեղավորման հարցն է: Աշխատանքի կարիք ունի շուրջ 3000 սիրիացի։
«Նրանք սիրում են սեփական գործ ունենալ: Մեզ ասում են, որ ուզում ենք սեփական խանութ ունենալ»,- ասաց նախարարը և հստակեցրեց, որ խանութ ասելով նկատի ունեն սպասարկման կետերը:
Ըստ նրա, նախարարությունն անում է ամեն բան, նրանց աշխատանքի տեղավորման խնդիրն արագ լուծելու ուղղությամբ:
Հաջորդ խնդիրը սիրիահայերին բնակարաններով ապահովելու հարցն է։ Նախարարի խոսքով՝ նախարարություն դիմած ընտանիքների մեծ մասը (շուրջ 350 ընտանիք) վարձով է բնակվում , մոտ 50-ը՝ բարեկամի տանը, մի մասն էլ սեփական բնակարան ունի: Միգրացիոն պետական ծառայության տվյալներով՝ հանրակացարաններում տեղավորվել է 32 ընտանիք՝ 71 անդամով:
«Մեր մի շարք համահայկական կառույցներ՝ ՀՕՄ, ՀԲԸՄ, ասել են, որ պատրաստ են մեր հայրենակիցների բնակարանային վարձի խնդիրը լուծել, բայց եթե վերջիններս համաձայնվեն ապրել ոչ թե մայրաքաղաքում, այլ ավելի հեռու, օրինակ՝ Աշտարակում, Արտաշատում և նման մոտիկ տեղերում»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Սիրիայում ապրող հայերի վիճակին, ապա, ըստ նախարարի, այնտեղ նախարարությունը համակարգող մարմին ունի, որ գնահատում է նրանց կարիքները:
«Այնտեղ, որտեղ պատերազմական լարված վիճակ չկա, ապրելու համար նվազագույն պայմաններ կան, իսկ ավելի լարված շրջաններում, իհարկե, սննդի, դեղորայքի կարիք կա: Մեր կառույցները, այդ թվում նաև արդեն «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը, փորձում են մատակարարել»,- ասաց նա:
Ի դեպ, ըստ նախարարության տեղեկատվության՝ սիրիական պատերազմի ընթացքում այս տարվա հունվարից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Սիրիայում զոհվել է 36 հայ, որից 28-ը տղամարդ (ընդ որում 5-ը՝ զինծառայող), 7 կին և 1 երեխա:










