Ոչ մի երկիր չի կարող թույլ տալ, որ երկրի տաղանդների կեսը չօգտագործվի. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

16:16 • 15.10.12

«Ոչ մի երկիր չի կարող թույլ տալ, որ երկրի տաղանդների կեսը չօգտագործվի: Իսկ հայ կանայք շատ տաղանդավոր են»,- այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը՝ իր տեսաբլոգում անդրադառնալով հայկական գործարար միջավայրին և դրանում հայ կանանց մասնակցությանը: Նա, մասնավորապես նշում է, որ իր կնոջ հետ մասնակցել է մի շարք միջոցառումների, որոնք ուղղված են եղել կանանց ձեռներեցության խթանմանը Հայաստանում:

 

Հեֆերնը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի դեսպանությունը աշխատում է այն ակտիվ քաղաքացիական կազմակերպությունների հետ, որոնք ձգտում են մեծացնել կանանց դերակատարումը բիզնեսում, գյուղատնտեսության ոլորտում և շուկայական տնտեսության մեջ:

 

Ջոն Հեֆերնը ընդգծում է, որ գործարար կանանց, և առհասարակ բոլոր գործարարներին, անհրաժեշտ է գործարար առողջ միջավայր:

 

«Նախ՝ անհրաժեշտ է մրցակցություն. մրցակցություն, որը թույլ կտա զարգացնել փոքր ու միջին բիզնեսը, որոնք աշխատատեղեր ստեղծելու շարժիչ ուժն են հանդիսանում: Երկրորդ՝ անհրաժեշտ է թափանցիկություն. հարկերի ու մաքսային վճարումների թափանցիկություն ու կանխատեսելիություն: Եվ երրրոդ՝ անհրաժեշտ է անկախ դատական համակարգ»,- իր տեսաբլոգում ասում է Հայաստանում ԱՄՆ-ի դեպանը:

 

Ջոն Հեֆերնը հիշեցնում է, որ ապրանքներն իրացնելու կարողությունը արտադրական արժեշղթայի կարևորագույն օղակն է: Իսկ հայ կանայք, ըստ նրա, դա կարողանում են անել վարպետորեն:

 

«Գործարար կանանց պետք է գործարար թափանցիկ միջավայր»,- վերջում հիշեցնում է դեսպան Ջոն Հեֆերնը: