Բակո Սահակյանը հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարների հետ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին ու կառույցի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին և քննարկել նրանց հետ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Ըստ ԼՂՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ՀԲԸՄ մոտ հարյուր ներկայացուցչի մասնակցությամբ:
Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլը և հեռանկարները, անդրադարձել արտաքին քաղաքականության որոշ հիմնախնդիրների:
Նախագահ Սահակյանի խոսքով՝ ՀԲԸՄ–ը հայկական ամենահին կազմակերպություններից մեկն է, որն անգնահատելի դերակատարություն ունի սփյուռքում հայ ինքնության պահպանման, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման, արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում:
ԼՂՀ նախագահը նաև ասել է, որ շոշափելի է կազմակերպության ներդրումը նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման և հայրենիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման գործում:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում շահագրգռված են կազմակերպության հետ կապերի հետագա խորացման ու փոխգործակցության ընդլայնման մեջ, որի համար կանեն հնարավոր ամեն ինչ:
Հանդիպման վերջում Նախագահը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:










