Գերմանիայի կրթության նախարարը գրագողությամբ է զբաղվել

17:59 • 15.10.12

Դյուսելդորֆի Հենրիխ Հայների անվան համալսարանի փորձագետ Շտեֆան Ռորբախերը «մերկացրել» է Գերմանիայի կրթության նախարար Անետա Շավանի գրագողությունը, գրում է Spiegel հանդեսը:

 

Հուդայագիտության մասնագետ, նույն համալսարանի դասախոս Ռորբախերը նաև ատենախոսությունների ստուգիչ հանձնաժողովի նախագահն է:

 

Հենց նրա եզրակացության հիման վրա հոկտեմբերի 17-ին կկայանա հանձնաժողովի նիստ, որում կքննարկվի նախարար Շավանի ատենախոսության հարցը: Նրանց որոշման հիման վրա կորոշվի նաև նախարարի գիտական աստիճանի հարցը:

 

Անետա Շավանն իր ատենախոսությունն այդ համալսարանում պաշտպանել էր 1980թ.-ին՝ «Անհատը և խիղճը» թեմայով:

 

Այս տարվա գարնանն անանուն բլոգերը հրապարակել էր նախարարի գրագողության փաստերը. պարզվել էր, որ նրա թեկնածուական աշխատանքի 326 էջերից 92-ում առկա են գրագողության դրսևորումներ:


Այս հրապարակումից հետո Դյուսելդորֆի համալսարանն իր հետաքննությունն էր սկսել: