Վրաստանում սպանված հայազգի երեխայի գործով լրագրողներ են հարցաքննվել

14:51 • 15.10.12

Վրաստանում 10 ամսական Վարվարա Ռաֆայելյանի սպանության գործով հարցաքննվել են «Ինֆո-9» գործակալության լրագրողները, տեղեկացնում է Грузия online-ը։

Գործակալության լրագրող Էլիզա Պապոշվիլիի խոսքով՝ նրանք ոստիկանությանն են հանձնել սպանության գիշերը դեպքի վայրում կատարած իրենց նկարահանումների տեսագրությունը։

 

«Որպես վկաներ՝ հարցաքննել են ինձ, Ալեքսանր Ախալմոսուլիշվիլիին և վարորդին, ումից էլ մենք լսել էինք տեղի ունեցածի մասին։ Լրատվամիջոցներից առաջինը մենք ենք եղել դեպքի վայրում, դրա համար էլ ոստիկանությունը որոշել է հարցաքննել մեզ։ Հետաքրքրվում էին, թե ի՞նչ գիտենք, ի՞նչ ենք տեսել և կարո՞ղ ենք արդյոք որևէ նոր բան ասել։ Մենք պատմեցինք այն, ինչ տեսել և նկարահանել էինք։ Մեզնից նաև մատնահետքեր վերցրին։ Ես պատմեցի, որ երբ մենք մտանք սենյակ և տեսանք մահացած երեխային, ինձ վատ զգացի, և բռնեցի դուռը, դրա համար էլ հնարավոր է, որ դրա վրա մնացած լինեն իմ մատնահետքերը»,- պատմել է լրագրողը։
 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրեին, գինու կարասում խեղդված էին գտել 10 ամսական հայազգի աղջնակին, ում մահվան պատճառով քաղաքական սկանդալ էր հասունացել։

Վրացական ընդդիմությունը սպանության մեջ մեղադրում էր իշխանություններին՝ պատճառաբանելով, որ երեխայի ընդդիմադիր հարազատներն իշխանության ներկայացուցիչներից բազմաթիվ սպառնալիքներ էին ստացել։