Շակիրան Բաքվում սխալմամբ բարձրացրել է «Հայաստանի դրոշը» (լուսանկարներ)
Կոլումբիացի երգչուհի Շակիրան, ով Բաքվում անցկացված ՖԻՖԱ-ի կանանց մինչև 17 տարեկանների գավաթը եզրափակող համերգի հատուկ հյուրն էր, առանձին ելույթով հանդես է եկել նաև «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման վայրում՝ Crystal Hall-ում:
Այստեղ հղի երգչուհին իր հայրենի Կոլումբիայի դրոշը (դեղին, կապույտ, կարմիր) գլխիվայր է բարձրացրել՝ հազարավոր հանդիսատեսներին և Ադրբեջանի ղեկավարությանը ցույց տալով փաստորեն «Հայաստանի դրոշը»: Խորհրդանշական է, որ այդ «պատահականությունը» տեղի է ունեցել հենց այն բեմում, որտեղ հայաստանցիների մուտքը 2012-ին չստացվեց՝ «Եվրատեսիլի» շրջանակներում:
Ուշագրավ է, որ ադրբեջանական առցանց մեդիադաշտի առաջատարներից Trend.az-ը հենց այդ՝ ակամա «հայկական դրոշով» գլխավոր լուսանկարով է ֆոտոշարք ներկայացրել «Շակիրայի բացառիկ շոուից»:
Ի դեպ, մեկ այլ զարմանալի համընկնումով, կոլումբիական դրոշի կարմիրը ևս խորհրդանշում է ժողովրդի թափած արյունը՝ հանուն անկախության:










