Սիմուլյանտը խաբել է Գերմանիային 250 հազար եվրոյի չափով
Սկլերոզով հիվանդ ձևացող գերմանացին 250 հազար եվրոյի չափով «գցել» է Գերմանիային, քանի որ երկրի իշխանությունները, հաշվի առնելով տղամարդու առողջական վիճակը, մի քանի տարվա ընթացքում նրան այդքան գումար են վճարել, հայտնում է Euromag-ը։
Թոմաս Հ.-ն սկսել է նախապատրաստվել «արհեստավարժ հիվանդի դերին» դեռևս 2006 թ.-ին։ Այն ժամանակ նա գտնվել է ազատազրկման մեջ և անընդհատ բողոքել է նյադային նոպաներից և սկլերոզից։ Սակայն բազմաթիվ բուժզննումների արդյունքում մասնագետները որևէ նյարդաբանական հիվանդություն չեն կարողացել ախտորոշել։
Ազատություն ստանալուց հետո սիմուլյանտը կրկին դիմել է բժիշկներին։ Եվ որպեսզի իր «հիվանդությունն» է՛լ ավելի համոզիչ թվա, 3 երեխաների հայրը կեղծել է իր առողջական վիճակի մասին տվյալները և թաքցրել բուժզննումների արդյունքները։
Այս ամենի արդյունքը եղել է այն, որ Գերմանիայի իշխանությունները տարիներ շարունակ «սուտ հիվանդին» 250 հազար եվրոյի չափով դրամական օգնություն են ցուցաբերել՝ մասնավորապես վճարելով նրա խնամքի, տան վարձակալման և ջեռուցման վարձերը։
Այժմ տղամարդուն խարդախության մեղադրանք է ներակայացվել։










