Վրաստանի պատիժների կրման նախարարի թեկնածուի եղբայրը բանտից ազատ է արձակվել
Վրաստանում կալանավայրից ազատ է արձակվել «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդներից մեկի` Սոզար Սուբարիի եղբայրը, հաղորդում է Грузия Online-ը:
Վրաստանի նախկին օմբուդսմեն Սուբարին հանդիսանում է պատժի կրման, փորձաշրջանի և իրավական հարցերով նախարարի թեկնածուն` հանրապետության նոր կառավարությունում:
Ազատ արձակված Վախթանգ Սուբելիանին ձերբակալվել էր 2010թ. հուկտեմբերին կեղծ հաշիվ ապրանքագրերի պարտարստման և իրացման մեղադրանքով: Նա կալանավորվել էր անմիջապես այն բանից հետո, երբ եղբայրը ստանձնել էր ընդդիմադիր «Վրացական կուսակցության» առաջնորդությունը:
Սուբելիանիի դատապաշտպանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը ձերբակալվել էր «միայն այն բանի համար, որ Սոզար Սուբարիի եղբայրն է, և նրա դեմ որևէ հանցանշաններ չեն եղել»:
«Քաղաքային դատարանը նրան 5 տարի ազատազրկման էր դատապարտել: Մենք այդ որոշումը բողոքարկել էինք Վերաքննիչ դատարանում, որը 1,5 տարի չէր սկսում գործի ուսումնասիրությունը», - հայտարարել է դատապաշտպանը, ավելացնելով, որ ամբողջ այդ ժամանակ դատախազությունը Սուբելիանիին ստիպում էր մեղքը ընդունել, և Գլդանի բանտում, որտեղ և պահվում էր Վախթանգ Սուբելիանին, նրա վրա զանազան ճնշումներ էին գործադրվում:
Հոկտեմբերի 12-ին դատախազությունը դիմել է դատարան « միջնորդությամբ, ընթացակարգային համաձայնության կազմման վերաբերյալ` առանց մեղքի ընդունման» (թե ի՞նչ հիմքով է այն գործում, երբ դատապարտվածը իր մեղքը չի ընդունում, իրավաբանը չի բացատրել):
Սուբելիանին ստորագրել է համաձայնագիրը և նրանից հանվել է մնացած պատիժը` 3 տարի և 14 օր:
Ազատվածի եղբայրը` Սոզար Սուբարին 2004-2009թթ. Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն էր: Նա բազմիցս հանդես է եկել երկրի իշխանությունների կոշտ քննադատությամբ, նրանց մեղադրելով մարդու իրավունքների կոպիտ խախտման մեջ:










