Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ընդունել է Երևան 2794-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը, այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու և Երևանի տոնին մասնակցելու համար, նշելով, որ Երևանը պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու և գործնական հիմքերի վրա դնելու Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները։
«Մենք ողջունում ենք գործընկեր քաղաքների հետ փոխշահավետ համագործակցությունը ինչպես մշակութային, զբոսաշրջության զարգացման, այնպես էլ բիզնես ոլորտներում: Այս առումով կարող եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու Երևանի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման համակարգը, ինչպես նաև Երևանում ընթացող քաղաքաշինական ծրագրերը, Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանի դիրքորոշումը ժամանակակից լուծումներին զուգահեռ քաղաքի պատմական դիմագիծը պահպանելն է, և քայլեր են կատարվում մոտեցումները օրենսդրորեն ամրագրելու ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովը իր հիացմունքն է արտահայտել Երևանի օրվա տոնակատարության կապակցությամբ և նշել, որ հատկապես տպավորված է տոնական միջոցառումներին ժողովրդի ակտիվ մասնակցությունից:
Ռիգայի դումայի նախագահը ևս իր հերթին կարևորել է փոխշահավետ համագործակցությունը, հատկապես՝ փորձի փոխանակման առումով, համոզմունք հայտնելով, որ առաջիկայում Երևանի և Ռիգայի միջև հարաբերություններն էլ ավելի սերտ ու գործնական կդառնան։
«Մայրաքաղաքների խնդիրները գրեթե նույնն են և այսօր առկա են բոլոր նախադրյալները համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման համար»,- նշել է Ռիգայի դումայի նախագահը:
Տեղեկացնելով, որ 2014թ-ին Ռիգան հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, Նիլ Ուշակովը գրքի համաշխարհային մայրաքաղաքի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել է մասնակցելու այդ առիթով կազմակերպող միջոցառումներին:
Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար պատրաստակամություն հայտնել մասնակցելու Ռիգայում 2014թ-ին նախատեսվելիք միջոցառումներին:










