Թուրքական զինուժը պատերազմական գործողությունների պլան է մշակել

10:44 • 15.10.12

Թուրքիայի զինված ուժերը «վատագույն սցենար» համարվող հնարավոր պատերազմի համար գործողությունների պլան է մշակել, տեղեկացնում է թուրքական «Վաթան» օրաթերթը։
 

Դրանով նախատեսվում է անհրաժեշտության դեպքում միաժամանակ օգտագործել ցամաքային, օդային և ծովային զորքերը։
 

Սիրիայի դեմ պատերազմի պատրաստվելիս թուրքական կողմը հաշվի է առել նաև Ռուսաստանի և Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործոնները։


Սահմանին հնարավոր պատերազմի դեպքում, կառավարության հրահանգով, գործելու են նաև հատուկ ստորաբաժանումները։


«Վաթան»-ի պնդմամբ՝ Սիրիային զուգահեռ, գործողություններ ձեռնարկելու նախագծեր կան Իրանի և Հունաստանի կողմից հնարավոր վտանգի առկայության դեպքում։

Խորհրդարանի կողմից երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնելուն ուղղված որոշման ընդունումից հետո թուրք-սիրիական սահմանին նախապատրաստական աշխատանքներ են սկսվել։ Շանլըուրֆայի (Ուրֆա), Մարդին և Գազիանթեպ (Այնթապ) սահմանամերձ շրջաններում 60 տանկ է տեղակայվել։ Ընդհանուր առմամբ՝ սահմանի երկայնքով տեղակայվել է շուրջ 250 տանկ։


Դիարբեքիրի օդուժի զորամիավորումներում տեղակայվել է շուրջ 55 F-16 տիպի կործանիչ։
 

Լրատվամիջոցների համաձայն՝ սահմանամերձ շրջանում տեղակայվել են նաև Stinger տիպի հրթիռներ, որոնք օգտագործվում են թշնամու ինքնաթիռների և ուղղաթիռների ոչնչացման համար։