Ես չեմ ունեցել Վերա Բրեժնևայի կիսավարտիքները տեսնելու «երջանկությունը». Տ. Խզմալյան
Ռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը երեկ ողջ օրը անցկացրել է թոռնուհու հետ ու չի ունեցել «Էրեբունի - Երևան» տոնակատարությունների շրջանակում Հայաստան ժամանած ռուսական շոու բիզնեսի աստղ Վերա Բրեժնևայի, ինչպես Tert.am–ի հետ զրույցում ինքն ասաց՝ կիսավարտիքները տեսնելու «երջանկությունը»:
«Էրեբունի –Երևանի» ծիծաղաշարժ զարգացումների մասին տեղյակ եմ ֆեյսբուքյան քննարկումներից: Եվ ես զարմանում եմ, որ զարմանում են»,- Tert.am-ին ասաց Տիգրան Խզմալյանը և հավելեց. «ՀՀ նախագահն ու կաթողիկոսն արժանի են այդ երգին ու Վերա Բրեժնևայի կիսավարտիքներին, որոնք տեսնելու «երջանկությունը» չեմ ունեցել, քանի որ իրենք են ստեղծում այդպիսի մթնոլորտ, ներմուծում իրենց համար հասկանալի, հարազատ, իսկ մեզ ոչնչացնող մթնոլորտ»:
Նշենք, որ երեկ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայությամբ ռուսական «Սերեբրո» խմբի կողմից Мама Люба давай твою мать... երգի կատարումը «Ֆեյսբուքում» բուռն քննարկումների առարկա է դարձել, իսկ կինոռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը գրառել է. «Հենց հիմա նստած հրապարակում ամաչում եմ, որ էստեղ եմ, ամաչում եմ, որ սա կատարվում է իմ քաղաքում:... Լուսինեն տխուր վեր է կենում և գնում է տուն... Տոնդ շնորհավոր իմ Երևան....»:
Ի դեպ, Տիգրան Խզմալյանը հավելեց, որ որևէ բան չունի «Սերեբրո» խմբի աղջիկների դեմ, ավելին՝ նրանց համարում է «փոփսա» ժանրի մեջ քայլեր կատարած փայլուն, ազատամիտ, գլամուր ու ցանկալի աղջիկներ:
«Կա ժամանակ ջուր խմելու, կա ժամանակ շամպայն խմելու, այսինքն՝ ինչ, որտեղ և երբ կատարել այս ամենը: Այսինքն՝ Pussy Riot–ական բարքերը չբերել տաճար՝ Հանրապետության հրապարակ»,- ասաց Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ պետք է դատել ոչ թե աղջիկներին, այլ նրանց տաճար բերողներին:
Սա նաև պատասխանն էր Tert.am-ի հարցին, թե համերգի կազմակերպիչներն իրավունք ունեի՞ն գրաքննելու կատարվելիք երգերը:










