Պարգևներ` հայանպաստ գործունեության համար

16:32 • 16.10.12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում գտնվող Ավստրիայի կրթության, գիտության և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳ նախարարության կայքից։

 

Ողջունելով հյուրերին` նախարարը հույս է հայտնել, որ Հայաստան կատարած այցելությունը նոր լիցք կհաղորդի հայ-ավստրիական հարաբերություններին:


«Շնորհակալություն յուրաքանչյուրիդ` ձեր ջանքերի համար, որ գործադրում եք մեր երկիրն Ավստրիայում ավելի ճանաչելի դարձնելու, հայագիտական հետազոտություններին աջակցելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հատուկ ուշադրության կենտրոնում պահելու համար: Վստահ եմ, որ Արցախում ձեզ մեծ բացահայտումներ են սպասում` Արցախը, իհարկե, Հայաստան է, բայց հատուկ Հայաստան»,- դիմելով հյուրերին` նշել է Արմեն Աշոտյանը:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ավստրիայի գիտության և մշակույթի նախարարության 1992-2011թթ. գրքերի հրատարակչության բաժնի ղեկավար Ալոիս Զյոհնին նշել է, որ այցելության նպատակը Հայաստանի պատմությանը և մշակույթին ավելի խորությամբ ծանոթանալն է` ընդգծելով, որ ավստրիացիները Հայաստանի մշակույթին ծանոթ են նախևառաջ Վիեննայի Մխիթարյան միաբանության միջոցով:


Ավստրիայի գիտության և մշակույթի նախկին նախարար տիկին Էլիզաբեթ Գեհրերին իր խոսքում կարևորել է կրթության, գիտության և հետազոտությունների ոլորտներում հայ-ավստրիական կապերի ընդլայնումը:


Հանդիպման ավարտին կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի և հայանպաստ գործունեության համար Ավստրիայի գիտության և մշակույթի 1995-2007թթ. նախարար տիկին Էլիզաբեթ Գեհրերին և նույն նախարարության 1992-2011թթ. գրքերի հրատարակչության բաժնի ղեկավար պարոն Ալոիս Զյոհնին նախարար Արմեն Աշոտյանը պարգևատրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: